Ասիական զարգացման բանկը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ 2025-26 թվականների կանխատեսումը, որի համաձայն, այս տարեվերջին ակնկալվում է մինչև` 5, իսկ 2026 թվականին՝ մինչև 4.7 տոկոս տնտեսական աճ։
Որպես տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժեր, զեկույցի հեղինակները նշում են ներքին սպառումը` հիմնված կապիտալ ծախսերի վրա և ներդրումները։ Ընդ որում, ներդրումների աճը, ըստ կանխատեսման, այս տարի կկազմի 12, իսկ, 2026 թվականին՝ 13 տոկոս։ Կանխատեսվում է, որ ծառայությունների ոլորտը առաջիկա երկու տարիներին կաճի 6 տոկոսով` պայմանավորված ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի և տեղեկատվության և կապի չափավոր, բայց դեռևս ուժեղ աճով:
«Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ նստած է մի քանի հիմնական ճյուղերի վրա, որոնցից մեկը հենց ներքին պահանջարկն է, այսինքն սպառումը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` մեկնաբանելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` Հայաստանի տնտեսության մասին։
«Տնտեսական աճի տենդենցը գնում է դեպի դանդաղեցում։ 2022թ–ին մենք ունեցանք 12.6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին` 8.7 տոկոս, 2024-ին` 5.9 տոկոս տնտեսական աճ։ Եվ, ինչպես տեսնում ենք, շարքը գնալով դանդաղում է»,-արձանագրել է տնտեսագետը։