Պետք է հրաժարվել ատելության խոսքից. ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է Մարաղայի կոտորածին

ՀՀ ԱԳՆ–ն ընդգծել է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած ադրբեջանական վարքագծի ձևերն են՝ ազգամիջյան ատելություն, անպատժելիություն, պատերազմական հանցագործությունների հերոսացում, հայկական մշակութային վայրերի ոչնչացում և բռնի տեղահանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարատև խաղաղության համար պետք է հրաժարվել ատելության խոսքից։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակիչների կոտորածին։
Նշենք, որ էթնիկ զտումների ժամանակ ավելի քան 50 խաղաղ մարդ, այդ թվում 30 կին սպանվեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից, 5000 մարդ բռնի տեղահանվեց: Գերի ընկան 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է:
«Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցնում ենք, որ նման ոճրագործությունների կանխարգելումը և հարատև խաղաղության հասնելը պահանջում են հրաժարվել ատելության խոսքից և խրախուսել մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը»,–նշված է է ՀՀ ԱԳՆ–ի X-ի էջում:
Ընդգծվում է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերն են՝ ազգամիջյան ատելություն, անպատժելիություն, պատերազմական հանցագործությունների հերոսացում, հայկական մշակութային վայրերի ոչնչացում և բռնի տեղահանում։ Նմանատիպ վարքագիծ դրսևորվել է նաև 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր` հայերի ջարդերի ժամանակ: