ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրներ ձգտում են խանգարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությանը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել Է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Մաքսիմ Բույակևիչը։
«Բրիտանիան և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրներ ձգտում են խանգարել ռուս-ամերիկյան երկխոսությանը և ուկրաինական հակամարտության ապաէսկալացիային ուղղված ջանքերին»,-ասել է Բույակևիչը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ պետությունների խաղադրույքը իրենց «պրոքսի-պատերազմի» ձգձգումն է, կիևյան ռեժիմին ռազմական մատակարարումները շարունակելը, անզիջում, անիրատեսական և ակնհայտ անիրագործելի պահանջների առաջադրելը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Վաշինգտոնը որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղին: Կողմերը տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարն ու ընդմիջումը ուժերի վերախմբավորման և վերազինման համար՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար, սա է հատուկ գործողության իմաստը: Ուկրաինայում խաղաղությունը, նշել է Պուտինը, պետք է հիմնված լինի «այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների օրինական շահերի նկատմամբ հարգանքի վրա»։