ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Իսրայելն ու Թուրքիան քննարկում են Սիրիայի տարածքում երկրների միջև կոնֆլիկտների և միջադեպերի կանխարգելման մեխանիզմի ստեղծման հնարավորությունը: Այս մասին գրում է «The Jerusalem Post»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով` երկու երկրներն էլ ձգտում են այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը նման է Բաշար Ասադի նախագահության օրոք Իսրայելի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցած համակարգին, որը, ըստ աղբյուրի, նախկինում հաջողությամբ կանխում էր Մոսկվայի և Թել Ավիվի միջև անհարկի միջադեպերը:
Հիշեցնենք` Իսրայելի իշխանությունները Թուրքիային մեղադրում են հարևան Սիրիայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու փորձերի և այնտեղ ռազմաբազաներ ստեղծելու մտադրության մեջ, ինչպես նաև հայտարարում են նման սցենարների անթույլատրելիության մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ հայտարարել է, որ կդիմի ԱՄՆ-ին, եթե Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ հնարավոր հակամարտության կարգավորման համար միջնորդական ջանքեր պահանջվեն:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր հերթին հայտարարել է, որ Անկարան տրամադրված չէ Սիրիայում հակամարտության մեջ մտնել ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ որևէ այլ երկրի հետ: