Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը պատգամավոր կդառնա Վիլեն Գաբրիելյանի փոխարեն

Արտյոմ Մեհրաբյանը . Արխիվային լուսանկար
Պատգամավորական աթոռը թափուր է մնացել Վիլեն Գաբրիելյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արտյոմ Մեհրաբյանը ԱԺ պատգամավոր է դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Որոշումը հաստատվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
Մեհրաբյանը կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին, որը ապրիլի 1-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել։ Մեկ շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, Գաբրիելյանի որոշումը վերջնական ճանաչվեց և ուժի մեջ մտավ։
Պատգամավորական մանդատի հաջորդ թեկնածուն Արշակ Օրդուխանյանն էր, սակայն ապրիլի 2-ին նա ինքնաբացարկ հայտնեց։ Մեհրաբյանը մանդատը ստացավ որպես ցուցակում հաջորդ թեկնածու։
2022 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հուլիսը Մեհրաբյանը ղեկավարում էր ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեն։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վիլեն Գաբրիելյանը, ընտրությունների ժամանակ գտնվելով Գյումրիում, ենթադրաբար լինելով ոչ սթափ վիճակում, մի շարք վիրավորական, այդ թվում՝ անպարկեշտ արտահայտություններ է արել լրագրողների հասցեին։ Ավելի ուշ նա սոցցանցերում գրառում է կատարել՝ խոստովանելով, որ սխալ պահվածք է դրսևորել: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել որպես «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամի թեկնածու։