ՄՕԿ-ը բռնցքամարտը պաշտոնապես ներառել է 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում

Բռնցքամարտի ձեռնոց
Բռնցքամարտի մրցաշարն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում՝ World Boxing ֆեդերացիայի հովանու ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է բռնցքամարտի ընդգրկումը 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության սպորտային տնօրեն Քիթ Մաքքոննելը։
Բռնցքամարտի մրցաշարն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում՝ World Boxing ֆեդերացիայի հովանու ներքո, որը նախկինում ՄՕԿ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մակարդակով բռնցքամարտը կառավարող միջազգային կազմակերպություն։ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) այլընտրանք՝ World Boxing-ը ստեղծվել է 2023 թվականին և ներառում է ավելի քան 80 ազգային ֆեդերացիա։
«Հաստատվել են մարզիկների քվոտաները և 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով բոլոր որոշումները, այդ թվում՝ Հունաստանում ՄՕԿ-ի նիստերին բռնցքամարտի ընդգրկումը», – ասել է Մաքքոննելը։
2019 թվականին ՄՕԿ-ը հետ կանչեց IBA-ի ճանաչումը, որը 2020 թվականից գլխավորում է ռուսաստանցի Ումար Կրեմլյովը։ Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարն անցկացնում էր ՄՕԿ-ը։ IBA-ն բողոք էր ներկայացրել Շվեյցարիայի մրցակցության հանձնաժողով՝ կոմիտեին մեղադրելով անարդար գերակայության մեջ։