Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հարձակման մասին

Նշվում է նաև, որ Եմենի զինված ուժերը Կարմիր ծովի հյուսիսային հատվածում հարձակվել են մի քանի ռազմական նավերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Թել Ավիվում ռազմական թիրախի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակման մասին: Այս մասին ասվում է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի՝ «Ալ-Մասիրա» հեռուստաալիքով տարածած հայտարարության մեջ։
«Մենք «Յաֆֆո» անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ռազմական գործողություն ենք իրականացրել իսրայելական ռազմական օբյեկտի դեմ», - ասել է նա:
Բացի այդ, ըստ նրա, Եմենի զինված ուժերը անօդաչուների միջոցով հարձակվել են մի քանի ռազմական նավերի, մասնավորապես՝ Կարմիր ծովի հյուսիսային մասում գտնվող ամերիկյան «Harry Truman» ավիակրի վրա:
Նախանցյալ շաբաթվա վերջից՝ Եմենին ամերիկյան ուժերի կողմից հարվածներ սկսելուց հետո, հութիները վերսկսել են Իսրայելի տարածքի վրա հարձակումները, որոնք դադարեցվել էին՝ պայմանավորված հունվար ամսին Գազայի հատվածում հրադադարի մեկնարկով: Ավելի վաղ հութիների առաջնորդ Աբդել Մալիք ալ-Հութին նախազգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» Կարմիր և Արաբական ծովերում կվերսկսի Իսրայելի հետ կապված նավերի վրա հարձակումները, եթե այդ երկիրը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը: