ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Ռուսական էներգետիկ օբյեկտներն անցած օրվա ընթացքում երկու անգամ հարձակման են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը, խախտելով էներգաօբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ընթացիկ տարվա մարտի 18-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ միակողմանի հարձակումները։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ հարձակվել են ռուսական էներգետիկ օբյեկտների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների արդյունքում անջատվել է «Россети» ՓԲԸ-ի մասնաճյուղի «Կուրսկի ԱԷԿ-Մետալուրգիչեսկայա» 750 կՎ բարձրավոլտ գիծը. բացի այդ, «Տավրիա-Էներգո» պետական ձեռնարկության «Նովոգորևկա» 35 կՎ էլեկտրակայանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման պատճառով վնասվել է տրանսֆորմատորի ռադիատորը:
Մարտի 25-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ, պայմանավորված էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի շարունակական հարվածներով, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին զերծ մնալ ուկրաինական էներգաօբյեկտներին հարվածելուց։