Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է թուրք քաղաքապետի արտահայտությունները

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան
Արքեպիսկոպոսը նշել է, որ ատելության խոսքի լեգիտիմացումը և խտրական արտահայտությունների անտեսումն անթույլատրելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խստորեն դատապարտել է Բոլուի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ Թանջու Օզջանի հակահայ արտահայտությունները: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը։
Ապրիլի 5-ին Օզջանը, դիմելով Քրդստանի Բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, X սոցցանցում գրել էր․ «Կուզեի, որ հայի ծնունդ հայրդ («հայ» բառն օգտագործել է որպես նվաստացնող հանգամանք. խմբ.) քեզ թույլ չտար ծնվել, Օջալա՛ն։ Տա Աստված, որ սա լինի քո վերջին ծննդյան օրը, դավաճան․․․» Ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է։

«Հայ համայնքը, որը դարեր շարունակ ապրել է այդ տարածքներում, այդ երկրի բնիկ և անբաժանելի մասն է։ Հինավուրց ժողովուրդը, որն ամբողջ պատմության ընթացքում կարևոր մշակութային, տնտեսական և սոցիալական ներդրում է ունեցել այդ երկրի զարգացման գործում, այսօր էլ շարունակում է գոյություն ունենալ»,- հիշեցրել է պատրիարքը։

Մաշալյանը նշել է, որ ատելության խոսքի լեգիտիմացումը և խտրական արտահայտությունների անտեսումն անթույլատրելի են:
Նա իշխանություններին և հանրությանը կոչ է արել ավելի պատասխանատու արտահայտություններ օգտագործել։
Էրդողանն ավելի քան 13 հազար դոլարի հայց է ներկայացրել ընդդիմության առաջնորդի դեմ
Նշենք, որ Օզջանը շատ անգամ է սկանդալային իրավիճակներում հայտնվել ռասիստական հայացքների և այլատյաց արտահայտությունների պատճառով: Ավելի վաղ նա խոստովանել էր, որ խտրական որոշումներ է ընդունել Բոլուում բնակվող սիրիացի փախստականների վերաբերյալ: Արդյունքում նրա դեմ հետաքննություն է սկսվել։
Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարողացել ստանալ Արևմուտքի աջակցությունը