ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը նախագահ Թրամփի առևտրի և արտադրության հարցերով խորհրդական Պիտեր Նավարոյին անվանել է «ապուշ»՝ այդպիսով արձագանքելով հրապարակված տեսանյութին, որտեղ Նավարոն հայտարարում է, որ DOGE-ի ղեկավարը ոչ թե Tesla էլեկտրամոբիլների արտադրող է, այլ հավաքող։
Նավարոյի խոսքով՝ Tesla-ի Տեխասի գործարանում արտադրվող մեքենաների համար շատ մարտկոցներ գնվել են Ճապոնիայից և ՉԺՀ -ից, իսկ էլեկտրոնիկան՝ Թայվանից: Նավարոն միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակը սեփական տարածքում ավտոմեքենաներ կոմպլեկտավորող դետալներ արտադրելն է:
«Նավարոն պարզապես ապուշ է։ Այն, ինչ նա ասում է, բացարձակ սուտ է», – X սոցցանցի իր էջում գրել է Մասկը։
Որոշ ժամանակ անց Մասկը հրապարակել է ևս մեկ գրառում, որտեղ Նավարոյին վիրավորական կերպով անվանել է «Պիտեր Ռետարդո» (անգլ. retarded - մտավոր հետամնաց):
Ավելի վաղ The Washington Post թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկն անձամբ է խնդրել նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայել մի շարք երկրներից ներկրումների համար ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը: Ապրիլի 6-ին Մասկը հայտարարել էր ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանն աջակցելու մասին՝ չնայած Թրամփի կողմից Եվրամիության դեմ սահմանված առևտրային մաքսատուրքերին: