Իրանի և ԱՄՆ–ի բանակցություններին կմասնակցի հատուկ բանագնաց Ուիտկոֆը

ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների անցկացման մասին՝ հավելելով, որ ապրիլի 12–ին «գրեթե բարձրագույն մակարդակով» հանդիպում կկայանա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի առաջիկա բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Հատուկ բանագնաց Ուիտկոֆը կլինի այնտեղ, նա ներկա կլինի»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի հետ բանակցությունների անցկացման մասին՝ հավելելով, որ ապրիլի 12–ին «գրեթե բարձրագույն մակարդակով» հանդիպում կկայանա:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցություններ վարելու հարցում. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ: Իր հերթին Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագրեր չկնքեն:
Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումից։