Իրանի արտգործնախարարը հաստատել է, որ մասնակցելու է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Աբբաս Արաղչի
Բանակցությունները տեղի կունենան ապրիլի 12-ին Օմանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ միջնորդավորված բանակցություններին։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 12-ին Օմանում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը միջնորդավորված բանակցություններ կանցկացնեն: Արաղչին հաստատել է լուրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանին սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե այդ երկրի հետ համաձայնություն ձեռք չբերվի: Միևնույն ժամանակ նա բազմիցս ընդգծել է, որ կնախընտրեր կնքել «վերիֆիկացված» միջուկային գործարք, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ: Մարտին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և կրկին բանակցությունների պատրաստակամություն հայտնել՝ մատնանշելով երկու հնարավոր ուղի՝ դիվանագիտական և ռազմական: «Axios» կայքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նամակում նոր գործարքի կնքման ժամկետ է նշվել երկու ամիսը։
Թրամփի նամակի պատասխանը փոխանցվել է մարտի 27-ին Օմանի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը բացառում է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ երկխոսության հնարավորություն դիտարկելով միայն երրորդ երկրների մասնակցությամբ:
Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։
2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։
Պեկինն աջակցում է ՌԴ–ի նախաձեռնությանը. ԱԳՆ–ն` Իրանի միջուկային խնդրի մասին