Հայաստանում քննարկվում են կաբելային հեռուստատեսության և ինտերնետ–ալիքների հեռարձակման հետ կապված հարցերի կարգավորման ուղիները: Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ներկայացնելով հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը։
Ըստ նրա` Եվրոպայում ինտերնետ–հեռուստատեսության հեռարձակումն արդեն մի քանի տարի է, ինչ կարգավորվում է, եթե օրական որոշակի ժամ է հեռարձակում, ունի բաժանորդների որոշակի քանակ և այլն: Հակոբյանը նաև նշել է, որ Եվրոպայում կարգավորվում են նույնիսկ սոցիալական ցանցերի հարթակները:
Հայաստանում նման հարթակների աշխատանքը կարգավորված չէ, մինչդեռ դրանք արդեն իսկ շրջանցել են հեռարձակվող հեռուստաալիքները և քանակով, և լսարանի ընդգրկմամբ։ Հայաստանում կա 22 հեռուստաալիք, իսկ հայկական ինտերնետ–հեռուստատեսություն` շուրջ 40։ Ըստ Հակոբյանի` հենց այս հարթակներում է ամենից հաճախ խախտվում էթիկան և ատելության հռետորաբանություն (hate speech) հնչում, քանի որ Հայաստանում մինչ օրս իրավական սահմանում չկա մշակված այս հարթակների համար։ Այդ պատճառով, ՀՌՀ նախագահի խոսքով, վերջին մի քանի տարիներին հանձնաժողովը պարտվել է դատական բոլոր հայցերը, որոնք ներկայացրել է այս հարթակների դեմ։
Նման իրավական սահմանում ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է մշակեր 2025 թվականի առաջին եռամսյակից ոչ ուշ՝ ՀՀ–ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակում միջոցառումների ժամանակացույցով։ Առաջին եռամսյակն արդեն անցել է, և հանձնաժողովը սպասում է արդարադատության նախարարության գործընկերների արձագանքին։
«Թեև իրենք կարող էին դա անել ավելի վաղ, բայց պարտադիր չէ ամեն ինչում սպասել, թե ինչ կասեն եվրոպացիները»,– ավելացրեց Հակոբյանը:
Խոսելով կաբելային հեռուստատեսության մասին՝ նա նաև նշեց, որ դրանք պետք է կարգավորել ոչ միայն բովանդակային, այլև լեզվական առումով: Հայաստանի կաբելային հեռարձակման ցանցերում կա 182 ռուսական, 64 հայկական, 39՝ ԱՄՆ–ի, 23՝ ԵՄ երկրների ալիքներ: