ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում կատարվել է կենդանի դոնորների օրգանների փոխպատվաստման 98 վիրահատություն։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Կենդանի դոնորներից օրգանների փոխպատվաստումը երկրում իրականացվում է 2019 թվականից՝ փոխպատվաստման համար թույլատրելի օրգանների ցանկի հաստատման պահից։ Ցանկում ներառված օրգաններն են՝ երիկամները, լյարդը և եղջերաթաղանթը: Ներկայում նախարարությունն աշխատում է դոնորների և ռեցիպիենտների ազգային ռեգիստրի ստեղծման ուղղությամբ:
«2020-2024 թվականներին պետպատվերի շրջանակներում կատարվել է երիկամի փոխպատվաստման 85 և լյարդի փոխպատվաստման 13 վիրահատություն», - նշեցին գերատեսչությունից։
Բոլոր վիրահատությունները կատարվել են կենդանի դոնորների մասնակցությամբ։