ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմությունն Արևմուտքից չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմությունն ու իշխանությունները միմյանց մեղադրել էին Արևմուտքին ծառայելու մեջ։
«Նրանք, ովքեր իրենց երկրից բողոքում են Արևմուտքին, դարձյալ, ինչպես ամբողջ պատմության ընթացքում, հիասթափվեցին։ Նրանք իրենք են խոստովանել, որ չեն կարողացել աջակցություն ստանալ Արևմուտքից, որից օգնություն են խնդրել», - Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային բաժանմունքների ղեկավարների ընդլայնված նիստում ասել է Թուրքիայի առաջնորդը։
Հիշեցնենք` Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին մարտի 19-ին, երբ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով։ Ակցիաներն ակտիվացան մարտի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։