ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում վնասվել են ձեռնարկության արտադրամաս, 2 մասնավոր տուն և 3 մարդատար ավտոմեքենա, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինոյի շրջանի Զիբորովկա-Մուրոմ ավտոճանապարհին FPV-դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա. այն ստացել է վնասվածքներ։ Գրայվորոնսկի շրջանի Գոլովչինո գյուղը ենթարկվել է 2 ԱԹՍ-ի հարձակման։ Նրանցից մեկի հարվածից վնասվել է մարդատար ավտոմեքենա, իսկ երկրորդի պայթյունի հետևանքով՝ 2 առանձնատուն, ինչպես նաև կայանված ավտոմեքենա», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ Կրասնայա Յարուգա ավանում անօդաչուն հարվածել է ձեռնարկության. վնասվել է արտադրամասի տանիքը: Ըստ մարզպետի, նախնական տեղեկություններով՝ բնակիչների շրջանում տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականցում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։