ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Կասեցվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում գտնվող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում, առկա ապրանքնատեսակներից կատարել նմուշառում և դրանք հանձնել լաբորատոր հետազոտության:
«Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին»,–ասվում է հաղորդագրութան մեջ։
ՍԱՏՄ ղեկավարի թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: