ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանում էլեկտրական սկուտեր, սքեյթբորդ, գիրոսկուտեր, «սեգվեյ» կամ էլեկտրական միանիվ հնարավոր կլինի վարել 18 տարեկանից։ Այս մասին ասված է ՆԳՆ պարզաբանման մեջ:
Բացառություն կկազմեն 16 տարեկան և բարձր տարիքի այն քաղաքացիները, որոնք ունեն «AM» ենթակարգի վարորդական իրավունք:
Բացի այդ, բոլոր այդ սարքերը պետք է ունենան արագաչափ (2025 թ.սեպտեմբերից) և արագության սահմանափակում՝ 25 կմ/ժ
«Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29–ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1–ից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդներին կամ մոպեդների վարորդներին, ապա եթե հեծանիվը կամ մոպեդը նրանք վարում են առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով, նախատեսվում է տուգանք 7000 դրամի չափով։
Արգելվում է նաև անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ՝ բացառությամբ վարողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ:
ՆԳՆ–ից նշում են, որ երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
Այս պահանջները խախտելու համար նախատեսված է տուգանք 5000 դրամի չափով։