ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայկական ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` արձագանքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարարած հաղորդագրությանը։
«Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է` ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։