ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի պաշտպանական կողմն առաջիկայում հայց կներկայացնի ՄԻԵԴ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գագաուզիայի ղեկավարի փաստաբան Նատալյա Բայրամին։
«Եվգենյա Գուցուլի ազատության հիմնարար իրավունքները խախտվել են անօրինական ձերբակալության և դրան հաջորդած անօրինական կալանավորման ժամանակ: Ելնելով նրանից, որ կալանավորումն ու ձերբակալությունն անօրինական են, առաջին հերթին հակասում են ազգային և երկրորդ՝ միջազգային իրավունքին, պաշտպանական կողմը մոտ ապագայում կդիմի ՄԻԵԴ», – ասել է Բայրամը։
Գագաուզիայի ղեկավարին ձերբակալել էին մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, ապա կալանավորվել 20 օրով։ Մոլդովայի դատախազությունն այս որոշումը բացատրել է կասկածներով, թե քաղաքական գործիչը կփորձի խուսափել արդարադատությունից։ Գուցուլը հերքել է այս փաստարկները՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ արդեն մեկ տարի է, ինչ ճշտապահորեն ներկայանում է դատական նիստերին` կանոնավոր կերպով լինելով գործուղումների արտերկրում։
Նրա դեմ երկու քրեական գործ է հարուցվել՝ անցյալ տարի լուծարված «Շոր» կուսակցության ֆինանսավորման ժամանակ իրականացրած խախտումների և 2023 թվականին Գագաուզիայի ընտրությունների նախընտրական հիմնադրամի կառավարման խախտումների վերաբերյալ։ Գուցուլի նախնական կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 14-ին։