Հայաստանում «հազարավոր վագներականների» գործով նախաքննությունը շարունակվում է․ ՔԿ

Հայաստանում «12 հազար վագներականների» մասին լուրերը իշխանամետ հարթակներում հայտնվել էին դեռ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում «12 հազար վագներականների» գործով նախաքննությունը շարունակում է։
Քննչական կոմիտեից գործով այլ մանրամասներ չեն հայտնում։
2023 թ-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։
2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ շարունակում են ստուգումը։ ԱԱԾ-ից նաև հայտնել էին, որ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայաստանում «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների ներկայության մասին լուրերը տարածել էր իշխանամետ հարթակներից մեկը։ Սկզբում խոսքը երեք հազար մարդու մասին էր, հետո հայտնվեցին պնդումներ 12 հազարի մասին։
Ալիքի վարկածով՝ նրանք պետք է «հեղաշրջում իրականացնեին և իշխանությունից հեռացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։