ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ: Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։
«Գազայի հատվածի ուղղությամբ շարունակվող իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 46 մարդ»,-հայտնում է հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ռմբակոծության են ենթարկվել Խան Յունիս և Գազա քաղաքները, հարվածներ են հասցվել նաև փախստականների բնակելի տներին և վրաններին: Տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմը երկարաձգելուց և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու պատճառով:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չէին վերսկսվել կողմերին Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը ներգրավելու միջնորդների փորձերի շնորհիվ: