ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը, որպես պատասխան քայլ, արտաքսում է Մոլդովայի երեք դիվանագետների: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՌԴ-ում Մոլդովայի դեսպանին վճռական բողոք է ներկայացվել Մոլդովայի իշխանությունների՝ ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի persona non grata հայտարարելու որոշման կապակցությամբ։
«Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը Մոլդովայի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրելու ցանկացած փորձ որևէ հիմք չունի»,– հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
Հիշեցնենք` Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին անցանկալի անձ է հայտարարել ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի։ Նրանց թվում է նաև ՌԴ–ից Մերձդնեստրում խաղաղապահ գործողության ղեկավարման համանախագահը։ Հիմք է հանդիսացել այն մեղադրանքը, թե նա իբր դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություններ է կատարել։
ՌԴ դեսպանատունը Մոլդովայի հատուկ ծառայությունների պնդումներն անվանել է մերկապարանոց և անընդունելի՝ դրանք որակելով որպես քաղաքական զրպարտություն։ Մոլդովայում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը հայտարարել է, որ դա լուրջ հարված է երկկողմ հարաբերություններին և Մերձդնեստրի կարգավորման խնդրին։