Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար հայ մարզիկները ամսավճար կստանան. նախագիծ

Ամսական վճար կստանան նաև Եվրոպայի (մեծահասակների և երիտասարդների), ինչպես նաև աշխարհի երիտասարդական առաջնությունների մրցանակակիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է մարզիկներին ամսական վճար սահմանել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft հարթակում։
Նախատեսվում է մարզիկներին ամսական վճարել 450 հազարական դրամ։ Մեծահասակների թիմերի մարզիչները կստանան 300–350 հազար դրամ, երիտասարդներինը՝ 200–250 հազար դրամ, թիմերի բժիշկներն ու մերսողները՝ 300 հազարական դրամ:
Ամսական վճար ստանալու իրավունք կստանան 2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչպես նաև 2025 թվականին և դրան հաջորդող տարիներին մեծահասակների աշխարհի առաջնություններում 1–ից 8–րդ տեղերը զբաղեցրած մարզիկները՝ ընդհուպ մինչև 2028 թվականը:
Բացի այդ, ցուցակում կներառվեն նաև Եվրոպայի (մեծահասակների և երիտասարդների), ինչպես նաև աշխարհի երիտասարդական առաջնությունների մրցանակակիրները:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի համար արծաթե մեդալներ էին նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալ՝ ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Հայկական պատվիրակությունից բարձր արդյունքներ գրանցածների լավագույն հնգյակում տեղ են գտել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը: Տասնյակում են նաև մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (6–րդ տեղ), ազատ ոճի ըմբիշներ Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը (երկուսն էլ՝ 7–րդ տեղ), ինչպես նաև ծանրորդներ Անդրանիկ և Գարիկ Կարապետյանները (համապատասխանաբար 4–րդ և 7–րդ տեղեր):