Ֆիզիկական ուժի կիրառումը ոստիկանության համար բացառիկ միջոց է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
«Եթե դա անհրաժեշտ է ոստիկանության պարտականությունների կատարման համար և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել»,– նշել է նախկին պաշտոնյան։
Բացի այդ, նրա խոսքով, էական է, թե քաղաքացու կողմից կատարված գործողությունը կարելի է արդյոք համարել վարորդի կողմից կատարված իրավախախտում, թե ոչ։
Համացանցում Նախօրեին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես են Երևանում խցանման մեջ կանգնած ավտոմեքենայի վարորդին պարեկները հանում մեքենայից, գցում գետնին և բռնի ուժով բերման ենթարկում։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը միջադեպի վերաբերյալ պարզաբանում էր տվել մամուլին` ասելով, որ վարորդը հայհոյել է Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում մեքենաների շարասյան անցումն ապահովող ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով էլ բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:
Վարորդը ABC media-ին հայտնել էր, որ ինքը որևէ մեկին չի հայհոյել, միայն ձայնային ազդանշան է տվել, ինչպես մյուս վարորդները, քանի որ շտապել է պապի թաղմանը և արդեն 25 րոպե կանգնած է եղել ու չի իմացել, երբ կբացեն ճանապարհը։