ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ գրել էր, որ «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, ու ինքը հայտնել է ՄԻՊ-ին։