ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունգարիա է մեկնել։ Այս մասին հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին։
Times of Israel-ը գրում է, որ սա Նեթանյահուի առաջին ուղևորությունն է Եվրոպա 2024 թվականի նոյեմբերից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրան ձերբակալելու հրաման արձակեց:
«Բարի գալուստ Բուդապեշտ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու», – գրել է նախարարը սոցցանցերում՝ հրապարակումն ուղեկցելով օդանավակայանում Նեթանյահուի լուսանկարներով:
ՄՔԴ-ն Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր Իսրայելի փաստարկները, որը վիճարկում էր դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների դեմ օրդեր տալու վերաբերյալ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ մտադիր է Նեթանյահուին հրավիրել իր երկիր և երաշխավորել, որ ՄՔԴ–ի որոշումն այնտեղ չի իրագործվի։