ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Խերսոնի մարզում ՌԴ քաղաքացի կին է ձերբակալվել, որը Ուկրաինայի զինված ուժերին գումար է փոխանցել զրահատեխնիկա և զինամթերք գնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անօրինական գործունեությունը, որն առնչություն ունի պետական դավաճանության հետ՝ Ուկրաինայի զինված ուժերին ՌԴ անվտանգության դեմ ուղղված գործողություններում ֆինանսական օգնություն ցուցաբերելու տեսքով», - ասվում է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ ձերբակալված կինը անձնական դրամական միջոցներ է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի համար զրահատեխնիկա, զինամթերք, հանդերձանք և դեղամիջոցներ գնելու համար։
Ձերբակալվածը խոստովանել է, որ գումար է փոխանցել ուկրաինական զորքերի կարիքների համար։
«2023 թվականի հուլիսին մեսենջերի միջոցով փոխանցում եմ կատարել Ուկրաինայի ԶՈւ–ի կարիքների համար միջոցներ հավաքող խմբերից մեկում: Արդյունքում մի քանի փոխանցում եմ կատարել ուկրաինական բանակի զինծառայողներին՝ ուղղված Ուկրաինայի զինված ուժերի աջակցմանը», – ասել է ձերբակալվածը ԱԴԾ–ի հրապարակած տեսանյութում։
Խերսոնի մարզի գծով ՌԴ ԱԴԾ վարչության քննչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել պետական դավաճանության դեպքի առթիվ, մեղադրյալին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Քննչական գործողություններ են անցկացվում` ուղղված գործով ապացույցներ ստանալուն։