ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իր իսկ պատվերով մշակված «Համազգեստով քաղաքացի» բջջային-հեռախոսային հավելվածը նվիրեց Հայաստանի Հանրապետությանը։ Հավելվածի կառավարման հարթակը ՀՀ կառավարությունն ընդունեց որպես պետական սեփականություն և ամրացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հունվարի 16–ի գրությամբ առաջարկվել է զորակոչի ենթակա քաղաքացիների և զինծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գործընթացը խթանելու նպատակով կիրառել այս հավելվածը:
Այս հավելվածից օգտվելու հնարավորություն կտրվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
«Հավելվածը գործարկվելու է ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համապատասխան գործող աշխատակիցների կողմից, որը հավելյալ ֆինանսական և մարդկային ռեսուրսների ներգրավման չի հանգեցնելու»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման նախագծի համաձայն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից նվիրվող «Համազգեստով քաղաքացի» բջջային-հեռախոսային հավելվածը և դրա կառավարման հարթակն ընդունվում է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն: