ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի– Sputnik. Թայվանի շուրջ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զորավարժությունները բացարձակապես օրինական են, անհրաժեշտ և ողջամիտ, և ցույց են տալիս սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականությունն ու կամքը: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը։
Ավելի վաղ Չինաստանի ԶՈւ մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին հայտարարել էր, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն այսօր ավարտել է Թայվանի շուրջ երկօրյա ժամկետով անցկացված լայնածավալ զորավարժությունները:
«Չինաստանի բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտին համատեղ զորավարժություններ է կազմակերպել Թայվան կղզու շուրջ՝ ցուցադրելու սադրանքներին դիմակայելու իր մեծ կարողությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականությունն ու կամքը», - հայտարարել է Չժան Սյաոգանը:
Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ Թայվանի անկախությունն անհամատեղելի է Թայվանի նեղուցում խաղաղության հետ, իսկ անկախության ձգտումը կղզին կենթարկի պատերազմի վտանգի և կհանգեցնի նրա բնակիչների տառապանքին:
Ըստ «The Washington Post»-ի` մարտի 30-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ԱՄՆ բանակին հրահանգել է հիմնական շեշտը դնել Թայվանը գրավելուց Չինաստանի զսպման վրա: Փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է թերթի տրամադրության տակ, Չինաստանի հնարավոր ներխուժումը Թայվան ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես բացառիկ և ամերիկյան բանակի համար առաջնահերթ սցենար, ըստ այդմ՝ փաստաթուղթը նախատեսում է Թայվանի մերձակայքում ամերիկյան ԶՈւ-ի լրացուցիչ սուզանավերի, ռմբակոծիչների, անօդաչու նավերի և զորակազմի տեղակայում: