Սաուդյան Արաբիա մեկնելու Թրամփի ծրագրերը Պուտինի հետ կապ չունեն. Պեսկով

Դմիտրի Պեսկովի խոսքով` ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարունակում են շփումները տարբեր թեմաներով և տարբեր մակարդակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մայիսին Սաուդյան Արաբիա մեկնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը կապված չեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլին կամ մի փոքր ուշ կարող է մեկնել Սաուդյան Արաբիա, որն ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպման հնարավոր վայր էին անվանում։
«Դա զուտ ԱՄՆ ղեկավարի ծրագրերն են, դա որևէ կապ չունի Պուտինի հետ։ Պուտինը նման ծրագրեր դեռ չունի», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` դեռ կոնկրետություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հնարավոր հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։
Պեսկովն ընդգծել է նաև, որ ռուսական կողմը շարունակում է շփումներն ամերիկացիների հետ տարբեր մակարդակներում։
«Մենք շարունակում ենք շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներում, տարբեր խողովակներով»,– ասել է նա։
Նշենք, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել մարտի 18-ին: Հեռախոսազրույցը դարձել է ամենաերկարատևը երկու երկրների նախագահների հեռախոսազրույցների պատմության մեջ: Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովի տեղեկություններով՝ այն տևել է 2 ժամ 28 րոպե։ Երկու երկրների ղեկավարները բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։
Պուտինն ու Թրամփը Ուկրաինայում արտաքին վերահսկողություն մտցնելու հարց չեն քննարկել. Պեսկով
ՌԴ և ԱՄՆ նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին և տևել գրեթե մեկուկես ժամ: Քննարկվել էին Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր: