ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հունգարիան և Սերբիան մտադիր են 2025 թվականի վերջին սկսել երկու երկրների միջև նոր նավթամուղի կառուցումը։ Այս մասին Բելգրադում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Սերբիայի էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախագիծը Սերբիային թույլ կտա ստանալ նավթ, որը Ռուսաստանից մատակարարվում է «Դրուժբա» խողովակաշարի հարավային ճյուղով՝ անցնելով Հունգարիայի տարածքով:
Սիյարտոն նշել է, որ հունգարական «MOL» էներգետիկ ընկերությունը նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորումը ներկայացրել է երկու երկրների կառավարություններին: Բացի այդ, վերջին շաբաթներին անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել նավթամուղի անցկացման տարածքի պլանավորման ուղղությամբ։ Այս միջոցառումները թույլ կտան շինարարությունը սկսել 2025 թվականի վերջին կամ 2026 թվականի սկզբին։ Նախատեսվում է խողովակաշարը շահագործման հանձնել 2028 թվականին։
Նախարարն ընդգծել է, որ նախագծի իրականացման համար Հունգարիան պետք է կատարի երկու խոշոր ներդրումային քայլ: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի ավելացնել նավթամուղի հատվածի թողունակությունը Ուկրաինայի հետ սահմանից մինչև Բուդապեշտից մոտ 30 կմ հարավ գտնվող հունգարական Սազհալոմբատա քաղաքում տեղակայված «MOL» ընկերության նավթավերամշակման գործարան: Այն հիմնականում վերամշակում է «Դրուժբա» խողովակաշարով մատակարարվող ռուսական նավթը։