ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի– Sputnik. Կուրսկի մարզում ուկրաինացի զինծառայողների կողմից 2 էներգաօբյեկտների գնդակոծման փաստով ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը նույն օրում 2 անգամ հարձակվել են Կուրսկի մարզում գտնվող ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների 2 օբյեկտների վրա, ինչի հետևանքով շուրջ 1,5 հազար սպառողներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ–ի ահաբեկչական գործողության հոդվածով։ Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի ապրիլի 2-ին Ուկրաինայի զինված կազմավորումների զինծառայողները, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, թիրախային հարձակում են իրականացրել Կուրսկի մարզի Կուրսկի շրջանի էներգետիկ օբյեկտների վրա։ Արդյունքում նշված օբյեկտները զգալի վնասներ են կրել», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում կհաստատվեն և պատասխանատվության կենթարկվեն հանցագործության հետ առնչություն ունեցած բոլոր անձինք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։