ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իսրայելի Ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Մասակին-Բերզի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Syria TV հեռուստաալիքին։
Ըստ տեղեկությունների՝ օդային հարձակումից հետո ուժեղ պայթյուն է որոտացել, որը լսվել է Դամասկոսում և դրա շրջակայքում։
Ավիահարձակումը եղել է մի օբյեկտի վրա, որը պատկանում էր նախկին սիրիական բանակին։
Հիշեցնենք, որ 2024թ–ի նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: