ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` իբր հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանականի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ սուտ լուրը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից կրկին հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
ՀՀ ՊՆ–ն վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն վերջին շրջանում սուտ լուրեր է տարածում պարբերաբար։