Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Զապորոժիայի և Բելգորոդի մարզերի ենթակայանների վրա. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա շարունակվող հարձակումները վկայում են պայմանավորվածության գալու Կիևի անկարողության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքերը նախօրեին երկու անգամ հարձակվել են ռուսական քաղաքացիական էներգետիկ օբյեկտների վրա։ Հարվածների են ենթարկվել Զապորոժիայի մարզի ենթակայանը և Բելգորոդի մարզի տրանսֆորմատորային ենթակայանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածներին։ ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, ընդգծել էր, որ ուկրաինական զինված ուժերի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումները վկայում են Կիևի՝ պայմանավորվելու անկարողության մասին։
ՊՆ–ում նշել են, որ մարտի 31-ի առավոտյան առնվազն չորս զինամթերք է նետվել ուկրաինական անօդաչուից Զապորոժիայի մարզի Նովոգորևկայի («Տվարիա-Էներգո» ձեռնարկություն) 35 կիլովոլտանոց էլեկտրական ենթակայանի վրա։ Արդյունքում Տոկմակովսկի շրջանի երկու բնակավայրերում դադարեցվել է կենցաղային սպառողների էլեկտրամատակարարումը։
«Բացի այդ ժամը 11:38-ին Բելգորոդի մարզում Սմորոդինո գյուղի տրանսֆորմատորային ենթակայանին ուկրաինական անօդաչուի հասցված հարվածի հետևանքով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը, ինչի արդյունքում Գրայվորոնսկի շրջանի ավելի քան 1200 սպառողների էլեկտրամատակարարումը դադարեցվել է», - հավելել են նախարարությունից։
Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։