ՌԴ–ն Ուոլցին է փոխանցել այն օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել է Ուկրաինան. Լավրով

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է` Մոսկվան շարունակում է հետևել համաձայնագրին՝ չնայած Կիևի խախտումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսական կողմը ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցին է փոխանցել օբյեկտների ցանկը, որոնք Ուկրաինան գրոհել է 30-օրյա հրադադարի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները շարունակելու դեպքում Մոսկվան իրեն համաչափ պատասխանի իրավունք է վերապահում։ ՌԴ ՊՆ–ն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինուժի հարձակումները վկայում են, որ Կիևն անկարող է պահել ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած պարտավորություն։
Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, օբյեկտների նույն ցանկն ուղարկվել է նաև ՄԱԿ:
Լավրովն ընդգծել է, որ չնայած Կիևի խախտումներին` Մոսկվան շարունակում է պահպանել համաձայնությունը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։
Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։