ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է մի շարք բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
<Ապրիլի 1-ին` ժամը 13:56-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում (3 բալ ուժգնությամբ), ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում (2-3 բալ ուժգնությամբ)։
Հիշեցնենք` Բավրայի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաև մարտի 26-ին։