«Ռուսաստանի և Հայաստանի միջև ագրոարդյունաբերական ապրանքների շրջանառությունը 2024 թվականին աճել է 16.2 տոկոսով».-ռուս-հայկական գործարար խորհրդի նիստում արձանագրել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, մանրամասնելով, որ ռուսական արտադրանքի արտահանումը Հայաստան աճել է 9.7 տոկոսով իսկ ներմուծումը՝ 21.8 տոկոսով: Ըստ պաշտոնյայի` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկիրը գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման կառուցվածքում։ Դե, իսկ ագրոարդյունաբերության զարգացման կարևոր գործոններից մեկը բարենպաստ եղանակն է։
«Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը» ներկայացրել է անցած շաբաթվա ընթացքում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը` այդ ժամանակահատվածի բնակլիմայական պայմաններին համընթաց։
Ըստ օդերևութաբանների` Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլում, դիտվել է առվույտի ցողունի աճ, իսկ նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է թփակալման և ցողունակալման փուլերում։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ ձմեռային հանգստի շրջանում է: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 15-ից 21սանտիմերտ խորությամբ։ Ինչպես ընդունված է ասել` գիժ մարտը ավարտվեց` վերջին օրվա հորդառատ անձրևով։ Առջևում անկանխատեսելի ապրիլ ամիսն է։
«Ագրոարդյունաբերությունը զարգացնելու տեղ ունենք, սակայն չունենք ագրոպարենային համակարգ».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։