Ըստ Գյումրիում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 14 մանդատ, Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը` 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը 3 մանդատ և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը` 2 մանդատ։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն` 17 ձայն։
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը հայտարարել են, որ միանալու են կոմունիստների կողմից առաջադրված և 2-րդ հորիզոնականը զբաղեցրած` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, իսկ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերահաստատում է իր ասածը. Այն է, որ «Քաղպայմանագիր» կուսակցությունը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ «Դա հաստատ է».-նշել է Գրիգորյանը։
«Կամ Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը համաձայնության են գալիս, և ընտրվում է ընդդիմադիր քաղաքապետ, ինչը շատ ցանկալի կլինի, կամ ավագանին արձակվում է».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։