Ռուս դիվանագետներին արտաքսելու մասին Մոլդովայի որոշումն անարձագանք չի մնա․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցներին անցանկալի անձ է հայտարարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին Մոլդովայի իշխանությունների որոշումը առանց կոշտ և համարժեք պատասխանի չի մնա: Նրա խոսքով՝ Քիշնևում ՌԴ դեսպանատան գործողությունները խստորեն համապատասխանում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի դրույթներին, և Մոլդովայի ներքին գործերին որևէ միջամտություն տեղի չի ունեցել: Նրա հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
«Մոլդովայի իշխանությունների անհիմն որոշումը` մեր դիվանագետներին արտաքսելու մասին, պաշտոնական Քիշնևի հակառուսական կուրսի մի մասն է․․․ Վերոհիշյալ թշնամական գործողություններն անպատասխան չեն մնա»,-ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցներին անցանկալի անձէր հայտարարել: Այդ քայլի համար հիմք են հանդիսացել որոշ գործողությունների վերաբերյալ մեղադրանքները, որոնք իբր անհամատեղելի են դիվանագիտական կարգավիճակի հետ։
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մուստյացեն հայտարարել էր, որ դեսպանատան աշխատակիցները «Հաղթանակ» դաշինքի պատգամավոր Ալեքսանդր Նեստերովսկուն իբր օգնել են խուսափել պատասխանատվությունից: Նրա վարկածով՝ դատավճռի հրապարակման նախօրեին պատգամավորը ապաստան է գտել դիվանագիտական առաքելության տարածքում, այնուհետև դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով տեղափոխվել է Մերձդնեստր:
Ի պատասխան, Ռուսաստանի դեսպանատունը Մոլդովական հատուկ ծառայությունների պնդումները մերկապարանոց և անընդունելի է անվանել՝ դրանք քաղաքական զրպարտություն որակելով:
Նույն օրը Մոլդովայում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է հանրապետության ԱԳՆ: