ՌԴ և Չինաստանի ԱԻՆ աշխատակիցները Մյանմայում երկրաշարժից հետո փլատակներից կին են փրկել

ՌԴ ԱԻՆ փրկարարները մոտ ութ ժամ մաքրել են փլատակները և ճանապարհ բացել տուժածին հասնելու համար, հայտնում է գերատեսչությունը։
Sputnik
ՌԴ ԱԻՆ աշխատակիցներն չինացի գործընկերների հետ Մյանմայի Մանդալայ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից մի կնոջ են փրկել։ Այս մասին հայտնում է ՌԴ գերատեսչության մամուլի ծառայությունը։
Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ–ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Մյանմա փրկարարներով երկու ինքնաթիռ է ուղարկել։

«Մանդալայ քաղաքում տուժողին փլատակների տակ գտել են ՌԴ ԱԻՆ-ի կինոլոգիական հաշվարկի որոնողական շները: Մոտ ութ ժամ ՌԴ ԱԻՆ փրկարարները մաքրել են փլատակները և ճանապարհ բացելով հասել տուժածին: Փրկարարական գործողությունն իրականացվել է օրվա մութ ժամին՝ կյանքի համար վտանգավոր պայմաններում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ աշխատանքները բարդանում են ավերված շենքերի, անկայուն շինությունների և շարունակվող հետցնցումների պատճառով:
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։