Գյումրու որոշ տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կլինի. թիվ 31 ԸԸՀ նախագահ

Տիգրան Ղազարյանն ասել է, որ մինչ այս պահը որևէ քաղաքական ուժից գրավոր բողոք չեն ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրու մի քանի տեղամասերում վերահաշվարկ կլինի: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշել է թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Նշվոււմ է, որ վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է:
«Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշել է Ղազարյանը՝ հավելելով` հնարավոր է, որ պատահականության սկզբունքով վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում:
Տիգրան Ղազարյանը նշել է, որ թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը, ժամը 11:00-ն:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել:
«Եղել է բողոք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից), որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ вստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»,-նշել է թիվ 31 ԸԸՀ նախագահը։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան)` 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան)` 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան)` 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)` 3։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։