ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված «Ինֆինիտի» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի մասին իրենց ահազանգել է մեքենայի տերը` 40–ամյա կին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ գողությունը կատարել են երեք երիտասարդներ, որոնցից մեկը Երևանի բնակիչ է, երկուսը՝ օտարերկրացի: Նրանք օգտվել են այն հանգամանքից, որ մեքենայի դռները բաց են եղել։
Դեպքից 3 օր անց ոստիկանությունն այս երիտասարդներին հայտնաբերել է Արշակունյաց պողոտայում և ձերբակալել։ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Ոստիկանությունից նաև նշում են, որ անձնական խուզարկության ժամանակ 35–ամյա երևանցու մոտ հայտնաբերվել են մեքենայի բանալիները, 1500 դոլար, 397 հազար դրամ, 170 լարի և 40 եվրո:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: