Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների համար Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել

Բողոքի ակցիաներ Թուրքիայում
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը Տրապիզոնում քարոզարշավի մեկնարկն է տվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելը Տրապիզոնում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով ազատ արձակել նաև ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին:
Նշվում է, որ առաջինը ստորագրել է 93-ամյա կին Ռուկիե Քյորօղլուն։
Ինչպես նշել է Օզելը, ԺՀԿ-ն մտադիր է հավաքել 28 միլիոն ստորագրություն՝ խորհրդանշորեն գերազանցելու վերջին ընտրություններում Էրդողանի ստացած ձայների քանակը:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահ է ընտրվել 2023 թվականի մայիսի 28-ին ՝ ստանալով 27,8 մլն ձայն։
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել այս տարվա մարտի 19-ից՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից համարվող քաղաքական գործիչն ավելի ուշ հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Նրանից բացի ձերբակալվել են քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։ Չնայած հանրահավաքների արգելքին՝ քաղաքապետին ազատ արձակման համար բողոքի ցույցերը շարունակվում են։ Իմամօղլուն ինքը հայտարարել է, որ մտադիր չէ ենթարկվել իշխանությունների ճնշմանը։