Եմենի հութիները մեկ ամսվա ընթացքում 10-րդ անգամ հարձակվել են Կարմիր ծովում ԱՄՆ ավիակրի վրա

Հութիների բողոքի ակցիան. Արխիվային լուսանկար
Հութիների զինված ուժերի ներկայացուցիչը հարձակումն անվանել է ԱՄՆ-ի կողմից Եմենի տարածքում արդեն երրորդ շաբաթ շարունակվող հարվածներին պատասխան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը Կարմիր ծովում մարտ ամսվա ընթացքում 10-րդ անգամ հարձակվել է ամերիկյան «Harry Truman» ավիակրի և դրան ուղեկցող ռազմանավերի վրա: Այս մասին ասվում է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հաղորդագրության մեջ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում մեր ուժերը 3 անգամ դիմակայել են «Harry Truman»-ին և Կարմիր ծովում գտնվող թշնամական ռազմանավերին։ Հարձակումն իրականացվել է հրթիռային զորքերի, անօդաչու ավիացիայի և ռազմածովային ուժերի թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- ասել է նա, հաղորդում է «Ալ-Մասիրա»հեռուստաալիքը:
Հութիների զինված ուժերի ներկայացուցչի խոսքով՝ այս հարձակումը պատասխան է Եմենի տարածքին արդեն երրորդ շաբաթն անընդմեջ շարունակվող ամերիկյան հարվածներին:
Մարտի 15-ից ԱՄՆ-ն ինտենսիվորեն ռմբակոծում է Եմենի մայրաքաղաք Սանան և հութիների վերահսկողության ներքո գտնվող ևս 7 նահանգներ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են: Ի պատասխան Գազայի հատվածի՝ մարտից սկսված շրջափակման, «Անսար Ալլահը» հայտարարել է Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա հարձակումները վերսկսելու մասին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել զինվորականներին կտրուկ միջոցներ ձեռնարկել հութիների դեմ: