ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկել է 21 տոկոսով կրճատել իր տարեկան բյուջեն և կրճատել աշխատակիցների հաստիքները՝ կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով ֆինանսավորման սուր պակասի ֆոնին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ներքին էլեկտրոնային նամակը:
«Միայն այս տարի եկամտի կորուստը կազմում է մոտ 600 մլն դոլար։ Այդ պատճառով մենք մասնակից երկրներին առաջարկել ենք էլ ավելի նվազեցված բյուջե՝ 4,2 մլրդ դոլար, ինչը 21 տոկոսով պակաս է ի սկզբանե առաջարկված բյուջեից»,- մեջբերում Է գործակալությունը նամակի տեքստը։
Նշվում է, որ այժմ ԱՀԿ-ն այլ ելք չունի, քան կրճատել իր գործունեության մասշտաբներն ու աշխատակիցների թիվը: Կրճատումը կսկսվի կենտրոնակայանից՝ սկսած բարձրագույն ղեկավարությունից, բայց կազդի բոլոր մակարդակների և տարածաշրջանների վրա:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կազմակերպությունից դուրս գալու գործընթացը սկսելը, ԱՀԿ-ն արդեն ֆինանսական դժվարություններ ուներ: ԶԼՄ-ների տվյալներով ՝ կազմակերպությունը ֆինանսական խնդիրների լուծման որոնումներն սկսել է ավելի քան ինը ամիս առաջ:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին: Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ, գտնվում է քաղաքական ազդեցության տակ և ԱՄՆ-ից չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում: