Պապայիս արև էս ծառերը հիվանդ են, մամայիս արև նոր տնկվող ծառերը լավ են. Քրիստինա Վարդանյան

Sputnik
Երևանի քաղաքային իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում շարունակում է ծառերի փոխարինման` անցած տարվանից մեկնարկած աշխատանքները։
Վերջին մի քանի օրերին Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության աշխատակիցները հատում են Թումանյան, Բյուզանդ և Մելիք Ադամյան փողոցների ծառերը` դրանք նոր տեսակներով փոխարինելու համար։
Հատկանշական է, որ մեկ տարի առաջ` անցած տարի գարնանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային խոստացել էր հետաձգել Մելիք Ադամյան փողոցում թեղիների հատման աշխատանքները մինչև նոր փորձաքննություն իրականացվի, քանի որ ծառերի սպանդի դեմ բողոքող երևանցիները պահանջել էին գիտական հիմնավորում, որ հատման ենթակա ծառերն իսկապես կենսունակ չեն։
Կատարվել է արդյո՞ք խոստացված փորձաքննությունը, թե՞ Երևանի քաղաքապետը դրժել է մեկ տարի առաջ տված խոստումը. հարցրել ենք ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանին։
«Ոչ մի փորձաքննություն չի արվել»,– ասել է Վարդանյանը` հավելելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի բուսական ծածկի հետ որևէ գիտական հիմնավորում չունի և իրականացվում է «պապայիս արև էս ծառերը հիվանդ են, մամայիս արև նոր տնկվող ծառերը շատ լավ են» մակարդակով։