Կուրսկի մարզի ևս 25 բնակիչներ Ուկրաինայից վերադարձել են Ռուսաստան: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
«Շատ են 85 տարեկանից բարձր տարեցները, իսկ կանանցից մեկը 92 տարեկան է։ Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչ երջանկություն է մարդկանց դեմքին ուրախության արցունքներ տեսնելը: Ամիսներ շարունակ հարազատները չգիտեին, թե որտեղ են իրենց մերձավորները, անհանգստանում էին, աղոթում նրանց համար, հույս ունեին, որ հրաշք կկատարվի, և այդ հրաշքը հնարավոր դարձավ ուկրաինական կողմի հետ բարդ բանակցությունների արդյունքում», - գրել է Մոսկալկովան Telegram–ում։
Նան նշել է, որ Կուրսկի մարզի բնակիչներին ՌԴ վերադարձնելու հարցում միջնորդ է հանդիսացել Բելառուսի Հանրապետությունը։
Մոսկալկովան շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, Ռուսաստանի Կարմիր խաչին, իրավասու մարմիններին, Կուրսկի մարզպետի պաշտոնակատարին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է հետ բերել Կուրսկի մարզի բոլոր 72 բնակիչներին, որոնք դեռ Ուկրաինայում են, սակայն ուկրաինական կողմը պատճառաբանում է, թե նրանց փաստաթղթերը պատրաստ չեն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը եզրափակիչ փուլում է: