ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 60 անդամներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նամակում կոնգրեսականները մատնանշում են Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների ապօրինի կալանավորումն ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը:
Օրենսդիրներն ընդգծել են, որ միջազգային հանրության կողմից պատասխանատվության ենթարկվելու կամ նյութական հետևանքների բացակայությունը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել ագրեսիան և խաթարել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Նրանց խոսքով` հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքը չճանաչելու և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի ֆոնին ԱՄՆ-ի անգործությունը միայն կամրապնդի աշխարհաքաղաքական մրցակիցների դիրքերը:
Ավելի վաղ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) տարեկան զեկույցում նշվել էր նաև, որ Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները։